Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը Հայաստան են այցելելու մարտի 15-ին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ, ամենայն մանրամասնությամբ, անդրադառնալու են ԵԽԽՎ չորս բանաձեւերի ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած քայլերին` մարտի 1-ի բացահայտմանը, ոստիկանական համակարգում կատարված բարեփոխումներին, խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակին:
Պատգամավորը նշեց նաեւ, որ համազեկուցողներին է ներկայացվելու նաեւ մարտի 3-ին Հանրապետության հրապարակում «Ժառանգության» եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՔԾ ներկայացված հանցագործության մասին հաղորդման անգլերեն տեքստը:
Նշենք, որ մարտի 16-ին նախատեսված է համազեկուցողների հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու հասարակական կազմակերպությունների հետ: Իսկ մարտի 17-ին նախատեսված են նրանց հանդիպումները Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Նշենք, որ Ակսել Ֆիշերը Հայաստանի հարցով նոր համազեկուցողն է, նա փոխարինում է Գորան Լինդբլադին: Ֆիշերը առաջին անգամ է լինելու Հայաստանում:





























