Deno Gold Mining Company ընկերության նախկին 10 աշխատակիցներ այսօր՝ մարտի 10-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան են դիմել` ընկերությունից պահանջելով մարել իրենց գիշերավարձերը` սկսած 2005 թ-ից, ինչպես նաեւ մինչեւ 2011 թ-ին չվճարված գիշերավարձերի արդյունքում կուտակված տուգանքները, որը նախատեսված էր պայմանագրով: Այդ մասին հաղորդում է «Էկոլուրը»։
Նշենք, որ ընկերության մարտի 2-ին տարածած մամլո հաղորդագրությունում ասվում էր, որ ընկերությունն արդեն ավարտել է 2005թ-ից մինչեւ 2007թ. ապրիլ ընկած ժամանակահատվածի գիշերավարձերի վերահաշվարկը եւ վճարումները կկատարվեն այս տարվա մարտ ու ապրիլ ամիսներին։ Ըստ հաղորդագրության` առայժմ վճարվելու են ձեռնարկության ներկայիս աշխատողներին:
Սա նշանակում է, որ գործազուրկ եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող նախկին աշխատակիցները պետք է սպասեն մինչեւ իրենց հերթը հասնի, ինչն էլ պատճառ է դարձել դատարան դիմելու համար: Ընկերության մամլո հաղորդագրությունում նաեւ ոչինչ չի ասվում այն մասին, որ կվճարվեն տուգանքները, որոնց գումարը մոտ է գիշերավարձերի գումարին: Բոլոր 10 աշխատողների շահերը ներկայացնում է փաստաբան Իրինա Մանուկյանը:




























