Այն  փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այդքան օպերատիվ կերպով արձագանքեց Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում արած համատեղ հայտարարությանը, որ պետք է հետաքննություն անցկացնել շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասով, կարելի է միայն ողջունել, քանի որ նմանօրինակ առաջարկով հանդես է եկել հայկական կողմը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը։

Նա հույս հայտնեց, որ այդ հետաքննությունը օբյեկտիվ կլինի։ «Մենք վաղուց էինք ասում, որ միջազգային հանրությունը պետք է կոնկրետ արձագանքի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, ոչ թե հանդես գա միայն դեկլարատիվ հայտարարություններով։ Այս համատեքստում Մինսկի խմբի հաանախագահների կողմից կատարված կոնկրետ քայլերը կարելի է միայն ողջունել»,- ասաց Կարապետյանը։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում մարտի 5-ին ընդունված համատեղ հայտարարության երկրորդ կետում նշված է, որ պետք է ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ: