Բոլորը հավասար են օրենքի առջեւ, հետեւաբար պարտադիր ավտոապահովագրությունը (ԱՊՊԱ) բխում է Հայաստան ժամանողների շահերից: Այդ մասին մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը` պատասխանելով հարցին, թե ԱՊՊԱ-ի կիրառմամբ չե՞ն ոտնահարվում արդյոք հայ-վրացական սահմանը հատող ջավախահայերի իրավունքները:
«ԱՊՊԱ-ի հարցում ես խնդիրներ չեմ տեսնում, սակայն տվյալ փաստաթղթերի ձեւակերպման կետերի անբավարարության պատճառով մեծ անհարմարություններ են առաջանում սահմանին, մեծ հերթեր»,- նկատել է պատգամավորը` հավելելով, որ այդ հարցով դիմել են կառավարությանը, որը խոստացել է լուծել խնդիրը:
Թորոսյանի կարծիքով, նախ պետք է լուծվեն տեխնիկական խնդիրները, ապա կիրառվի ԱՊՊԱ-ն: «Մարդիկ ժամերով հերթ են կանգնում սառնամանիքին, եւ շատերը ստիպված են ընդհանրապես չժամանել Հայաստան: Այդկերպ, տեխնիկական խնդիրների պատճառով սպառնալիքի տակ է Հայաստան-Ջավախք կապը»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի ջավախահայերի միությունը դիմել է Հայաստանի դեսպանին` խնդրելով կարգավորել ԱՊՊԱ-ի եւ դրա ստացման ժամանակ առաջացող խնդիրները:
Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս Շիրակ Թորոսյանին մտնել Վրաստանի տարածք:





























