Այն գործարարները, որոնք մեկից ավելի անգամներ 2 մլն դրամից ավելի խախտում են թույլ տվել, կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցեն պետությանը հասցված վնասները (ներառյալ տույժ-տուգանքները)։ Կառավարությունն այսօր՝ մարտի 10-ին հաստատեց այն օրենսդրական նախաձեռնությունը, որով պետք է փոփոխություններ կատարվեն քրեական օրենսգրքում։
«Փաստորեն սա էական մեղմացում է, եւ բիզնես միջավայրում մեծ ազդեցություն պետք է լինի, քանի որ շեշտը դրվում է ոչ թե քրեական, այլ նյութական պատասխանատվության վրա»,- կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Սակայն նշենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ներկայացրած եզրակացությունում սույն փոփոխության ազդեցությունը գնահատվել է ոչ էական։ Պատճառն այն է, որ սույն որոշումը ներդրումների եւ տնտեսական աճի վրա ազդեցություն չի թողնի, ինչպես նաեւ չի ազդի doing business-ի վարկանշի վրա։
Փոխարենը ֆինանսների նախարարության տեղեկանքում նշվել է, որ կալանավորների թվի նվազման հետեւանքով կնվազեն պետական ծախսերը, իսկ վնասները հատուցելու հետեւանքով՝ կավելանան բյուջետային մուտքերը։




























