Հայաստանում բազմաթիվ կանայք ենթարկվում են բռնության իրենց սկեսրայրների կողմից: Այդ մասին մարտի 10-ին հայտարարել է «Հայաստանի կանանց իրավունքների կենտրոնի» մամուլի քարտուղար Դիանա Սարգսյանը:

Սարգսյանը որպես օրինակ նշել է այն դեպքը, երբ կինը ենթարկվել է սեռական բռնության իր սկեսրայրի կողմից, իսկ ամուսինը, իմանալով այդ, մասին, ոչինչ չի արել:

«Նման դեպքեր տեղի են ունենում ինչպես Երեւանում, Այնպես էլ Հայաստանի մարզերում: Շատ կանայք չգիտեն իրենց իրավունքները եւ համապատասխան գործողություններ չեն կատարում` կանխելու այդ դեպքերը»,- ասել է նա:

Բացի այդ, մամուլի քարտուղարի խոսքով, կանանց մեծամասնությունն ամաչում է հայտնել, որ ենթարկվել է բռնության եւ նախընտրում է լռել. «Հայաստանի մարզերից մեկում դեպք է եղել, երբ ընտանիքի հայրը սեռական բռնության է ենթարկել 10-ամյա աղջկան, իսկ կինը լռել է, քանի որ ամաչել է այդ դեպքից: Կանանց լռությունը միայն նպաստում է ընտանիքներում բռնությունների շարունակմանը»: