Ուկրաինայում հայկական շրջանային համայնքների կողմից Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ծրագրվել եւ իրականացվում են բազմաթիվ թեմատիկ եւ ոգեկոչող միջոցառումներ՝ հայտնում է AnalitikaUA.net-ը։

Ապրիլի 23-ին Լուցկ քաղաքում տեղի է ունեցել խաչքարի օծման արարողություն։ Հուշարձանի բացմանը մասնակցել են տեղական իշխանությունների, Ուկրաինայի հայերի միության եւ տարածաշրջանային հայկական համայնքի, ուկրաինական եւ հայ հոգեւորականության ներկայացուցիչներ։ Խաչքարի օծումն իրականացրել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը։

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի ուղերձը միջոցառման մասնակիցների համար կարդացել է ՈՒՀՄ փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Ապրիլի 23-24-ը կայանալիք միջոցառումներում ներառված են կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հուշ-երեկոներ, ֆլեշ-մոբեր, երթեր, ծառատունկ, փաստագրական եւ թեմատիկ ֆիմերի դիտումներ եւ այլ միջոցառումներ։ Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում ապրիլի 24-ին տեղի կունենան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ։

Ուկրաինական քաղաքների փողոցներում, որտեղ ներկայացված է հայ համայնքը, տեղադրված են Հայոց ցեղասպանությանը նվիրված բաներներ, բիլբորդներ, սիթիլայթներ եւ սոցիալական կողմնորոշմամբ տեղեկատվական այլ նյութեր։