Christian Dior մոդայի տանը Ջոն Գալիանոյի գեղարվեստական գծով տնօրենի զբաղեցրած պաշտոնը կստանձնի 38-ամյա իտալացի Ռիկարդո Տիշին, որը 2008թ.-ից Givenchy-ի հավաքածուների պատասխանատուն է։ Այս մասին տեղեկացնում Style.com կայքի խմբագիր Դերեկ Բլասբերգը Twitter-ում (@derekblasberg) թողած հաղորդագրությունում։
«Ես նոր տեղեկացա, որ Փարիզում Քեթի Փերիի համերգի ժամանակ Dior-ը հաստատել է Տիշիի թեկնածությունը»,-գրել է Բլասբերգը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ջոն Գալիանոն փետրվարի 24-ին ձերբակալվել էր Փարիզի La Perle սրճարանում հակասեմական հայտարարություններ կատարելու համար։ Նրա դեմ դատարանում հայց էին ներկայացրել սրճարանի երկու այցելուներ, որոնց վիրավորել էր Գալիանոն։ Մարտի մեկին Christian Dior-ը խզել էր Գալիանոյի հետ պայմանագիրը։
Նշենք, որ մոդելյորի մեղքի ապացուցման դեպքում Գալիանոյին մինչեւ 6 ամիս ազատազրկում է սպառնում։





























