Կիպրոսի կառավարության փոխխոսնակ Խրիստոս Խրիստոֆիդեսը հայտարարել է, թե Կիպրոսի իշխանությունները գոհ են մարտի 9-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ զեկույցից: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը` վկայակոչելով հունական լրատվամիջոցները:
Կիպրոսի կառավարության փոխխոսնակը նշել է, թե զեկույցում շատ կարեւոր եւ դրական արտահայտություններ են տեղ գտել, որոնք համահունչ են Կիպրոսի տեսակետներին: Նա շեշտել է թե հունական իշխանությունները գոհունակությամբ են ընդունել Եվրախորհրդարանում կիպրոսցի եւ այլ երկրների պատգամավորների միջամտություններն ու առաջարկները, որոնց շնորհիվ զեկույցն ունեցել է ցանկալի արդյունք:
Նշենք, որ Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ զեկույցը պատրաստելու ընթացքում հույն եւ կիպրոսցի պատգամավորները առաջարկել են 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառել զեկույցի մեջ, սակայն այս առաջարկը ձայների մեծամասնությամբ մերժվել է:
Թուրքիայի իշխանություններն իրենց դժգոհություն են արտահայտել Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցի առթիվ, որը վերջին տարիների ամենակոշտ զեկույցն է:
Զեկույցում նշվել է, թե Եվրամիության անդամակցության ճանապարհին Թուրքիայում գրեթե բոլոր ոլորտներում բարեփոխումները դանդաղ են ընթանում: Զեկույցում պահանջվել է նաեւ կատարել Դինքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը եւ երեւան հանել Դինքի սպանության իրական մեղավորներին:





























