Սեյսմոլոգները բարձրացրել են Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդի գնահատականը, որն այժմ կազմում է 8,9 մագնիտուդ, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։
Սկզբում երկրաշարժը գնահատվել է 7,9 մագնիտուդ հզորության, այնուհետեւ դրա աստիճանը բարձրացվել է 8,8-ի, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ճշտված տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 373 կմ հյուսիս-արեւելք՝ 24 կմ խորության վրա։
Ճապոնիայի իշխանությունները հայտնում են երկրաշարժից տուժածների մասին, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռեւս պարզ չէ։
Միյագի պրեֆեկտուրա է եկել 10 մ բարձրությամբ, հյուսիսային Հոկայդո՝ 6մ բարձրությամբ ցունամին։ Ցունամիի վտանգ կա նաեւ Իվատե եւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում։
«Ֆրանս Պրեսս» գործակալության տվյալներով, Տոկիոյում մասնակի տարհանում է իրականացվում։ Ճապոնիայի մայրաքաղաքում միացել է ուժեղ երկրաշարժի մասին նախազգուշացող ազդանշանը,եւ կանացի ձայնը բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել ու անհրաժեշտության դեպքում հավաքվել հատուկ կետերում։
Իվատե պրեֆեկտուրայի արագընթաց մայրուղին մասամբ փլուզվել է ծովի մեջ, տասնյակ ավտոմեքենաներ եւ մարդիկ ընկել են ծովը, հայտնում է NHK հեռուստաալիքը։





























