Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվա կատարելիք այցի օրը պատահականորեն չի ընտրվել, այն համընկնում է Մոսկվայի պայմանագրի ստորագրման 90-ամյակին։ Այս պայմանագրով բոլշեւիկները «ծախեցին» Հայաստանը։ Մարտի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այցի ժամկետները փորձել են փոխել, սակայն թուրքական կողմը հատուկ պնդել է, որ այցը կայանա հենց այդ օրը, որպեսզի Մոսկվայում տոնի իր հաղթանակի 90-ամյակը։

«Թուրքիայի մտադրությունները մեզ համար հասականալի են, բայց ահա Ռուսաստանը, որը մեր ռազմավարական գործընկերն է, հաշվի չի նստում մեր ազգային զգացմունքների եւ շահերի հետ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան կայցելի մարտի 15-16-ը։ Այցի շրջանակներում նա կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ եւ կմասնակցի ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին։

Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: Իսկ արդեն 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: