13 մարդու դիակ է գտնվել մեքսիկական Կոլիմա նահանգի գաղտնի գերեզմանատեղիում, տեղեկացրել է նահանգի գլխավոր դատախազությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Գերատեսչության տվյալներով՝ գաղտնի գերեզմանները գտնվում են Մանսանիլյո եւ Թեքոման քաղաքներում։ Դրանք գտնվել են անհայտ կորածների հետ կապված հետաքննության շրջանակում։ Արտաշիրիմումից հետո փորձաքննություն է անցկացվելու, որպեսզի պարզվեն մահացածների մահվան մոտավոր ժամանակն ու պատճառները։

Այս տարվա փետրվարին Կոլիմայում գտնվել է եւս 70 դիակ, ընդ որում՝ նորից Թեքոմանում։

Կոլիման 2018-ի գնահատականներով՝ ամենաանհաջող նահանգն է Մեքսիկայում սպանությունների հաճախակիությամբ՝ 81,09 սպանություն 100 հազար բնակչի հաշվով, տեղեկացրել էր անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։

Ինչպես փետրվարին հայտարարել էր Մեքսիկայի ՆԳՆ փոխնախարար Ալեխանդրո Էնսինասը, երկրում 40 հազար անհայտ կորած կա, մոտ 1,1 հազար գաղտնի գերեզմանատեղ, իսկ դիահերձարաններում՝ 26 հազար չճանաչված դիակներ։ Հունվարի վերջին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել էր, որ Մեքսիկան դադարեցրել է պատերազմը թմրամաֆիայի դեմ։ Նրա խոսքով՝ կառավարությունը դա իր գլխավոր գործը չի համարում, այլ պետք է կենտրոնանա հանրային անվտանգության ապահովման վրա՝ նվազեցնի սպանությունների, թալանի եւ մարդկանց առեւանգումների թիվը։

Հանցավորության դեմ դրամատիկ պատերազմը Մեքսիկայում սկսվել է 2006 թվականին Ֆելիպե Կալդյերոնի օրոք։ Թմրամաֆիայի դեմ գործողությունների համար նա ներգրավել էր զորամասեր, բարեփոխել դաշնային ոստիկանությունը եւ հանցավոր աշխարհի պարագլուխների որս հայտարարել։ Պատերազմը շարունակեց նաեւ նրա հաջորդը՝ Էնրիկե Պենյա Նյետոն (2012-2018)։ Նրա օրոք հաջողվեց վերացնել կամ ձերբակալել հայտնի նարկոբարոնների, առաջին հերթին՝ «Սինալոա» կարտելի պարագլուխ Խոակին Գուսման Լոերային՝ Գաճաճ մականունով։ Նրան հանձնեցին ԱՄՆ-ին։