Հյուսիսատլանտյան դաշինիքի կազմակերպության կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 11-ին հանդիպումներ է ունեցել իր գործընկերների եւ ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանի պաշտպանության նախարար Բ.Ախալայայի եւ Լեհաստանի պաշտպանության նախարար Բ.Կլիխի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացմանը, իսկ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի եւ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի հրամանատար, բանակի գեներալ Դ.Պետրեուսի հետ` ՆԱՏՕ-ի ղեկավարած բազմազգ գործողություններում ՀՀ ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող երկրների նախարարների նույն օրը կայացած նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով, որտեղ լավատեսություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների ապագայի վերաբերյալ` կարեւորելով Աֆղանստանում անվտանգության հաստատման միջոցառումներին մասնակցող 48 երկրների շարունակական համագործակցությունը: ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է անվտանգության ապահովման պատասխանատվությունը բազմազգ ուժերից Աֆղանստանի անվտանգության ուժերին փոխանցելու գործընթացում սահուն եւ զգուշավոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտութունը` միաժամանակ գոհունակություն հայտնելով աֆղանական ազգային անվտանգության ուժերի քանակական եւ որակական ընդլայնման վերաբերյալ ստացվող տեղեկատվությամբ: