ՊԵԿ–ում հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ կա, խիստ սահմանափակ քանակ ունենք, 700 կամ 800 հատ է մնացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նոր սերնդի ՀԴՄ–ների տրամադրման հարցին։

Նա նշեց, որ մինչ այս պահը նոր սերնդի ՀԴՄ–ներ ձեռքբերելու համար 9000 հայտ է ներկայացվել, որից բավարարվել է 3000–ը, սակայն տնտեսվարողները չեն եկել դրանք ստանալու. «Քանի որ հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ ունենք, այն հարկ վճարողները, որոնք հին սերնդի ՀԴՄ–ներ ունեին, սակայն իրենց հայտը բավարարվել էր և չեն եկել ստանալու, այդ հայտերը հետ ենք կանչելու և առաջնահերթ կարգով սարքերը տրամադրելու ենք այն հարկ վճարողներին ովքեր նոր են գրանցվել և ընդհանրապես ՀԴՄ սարքեր չունեն»,–ասաց նա։

Ըստ ՊԵԿ նախագահի՝  ՀԴՄ սարքեր պետք է ձեռք բերեն բոլոր տնտեսվարողները, սակայն առաջնահերթությունը կտրվի նոր բացված կազմակերպություններին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները պետք է ձեռք բերեն նոր սերնդի ՀԴՄ–ներ։