Կարտելային կամ հակամրցակցային համաձայնությունները թերեւս ամենադժվար խնդիրներն են, ու այո դրանք պետք է նայենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։
Նրա խոսքով, եթե կա ապրանքային շուկա, որտեղ կտեսնեն, որ կա պայմանավորվածություն շատ դանդաղ, բայց շատ մանրամասն դրանք կուսումնասիրեն:
Հարցին, թե կկարողանա՞ այնպես աշխատել, որ իրեն չմեղադրեն գործող իշխանությունների կամակատարը լինելու մեջ, Գեւորգյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, քանի որ միակ չափորոշիչը, որով ես շարժվում եմ, դա Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունն է, որով պարտավորված եմ»:
Դիտարկմանը, որ ՏՄՊՊՀ նախկին նախագահ Արտակ Շաբոյանին մեղադրում էին օլիգարխների, գործարարների շահերը սպասարկելու մեջ, որ նա աչք էր փակում նրանց կարտելային համաձայնությունների վրա, ՏՄՊՊՀ նախագահն արձագանքեց. «Մենք հիմա մի հատ կարեւոր բան ենք նախաձեռնել, ստեղծելու ենք էլեկտրոնային հարթակ, որտեղ հասանելի են լինելու բոլորի գործերը բոլորի դեմ: Այսինքն ինչ-որ հասանելի ունենք՝ բոլոր ուսումնասիրությունները, այդ թվում նաեւ վարույթները
եւ կայացրած որոշումները, որպեսզի ինքներդ տեսնենք, նմանատիպ խախտման համար իքս տնտեսվարող սուբյեկտը եւ իգրեկը հավասարաչափ են պատժվել, թե՝ ոչ: Դուք եւ հասարակությունը օնլայն ռեժիմով, առանց մարդկային գործոնի միջամտության, այդ ամբողջ ինֆորմացիան կլինի: Սա մեր առաջին նախաձեռնություններից է, որ գալուց հետո հենց հիմա սկսել ենք անել, հիմա բանակցություններ ենք անցկացնում դոնորների հետ, որպեսզի այդ ամբողջ պլատֆորմը լինի: Եթե հիմա շատ ուզենաք գտնել որոշումներ եւ վիճակագրություն, դժվար թե կարողանաք: Մի գուցե ես էլ չկարողանամ այս պահին գտնել»:





























