Երկրաշարժի հետեւանքով վնասված «Ֆուկոսիմա 1» ատոմակայանի ենթադրաբար երկրորդ ռեակտորում նոր պայթյուն է տեղի ունեցել:
Միջուկային անվտանգության ազգային վարչության ներկայացուցիչը, հանդես գալով հեռուստատեսությամբ, հայտարարել է, թե պայթյունի ձայն լսվել է տեղական ժամանակով ժամը 06.10-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդոնոն մարտի 15-ին հայտարարել է, թե ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորի պաշտպանիչ թաղանթի ներսում հայտնաբերվել է գոլորշու կոնդենսացման համար սառը ջուր պարունակող ջրամբարիչի վնասվածք:
Մարտի 11-ին Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք 9,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրան հաջորդել են մի քանի ուժեղ ստորեկրյա ցնցումներ`6,0 մագնիտուդից բարձր: Երկրաշարժից հետո «Ֆուկոսիմա 1» եւ «Ֆուկոսիմա 2» ատոմակայաններում արտակարգ դրություն է հայտարարվել:



























