Հայաստանի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունների մասնագետների խումբը, որը գտնվում է Ճապոնիայում, Հայաստան կվերադառնա ենթադրաբար մարտի 16-ին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Բալայանի խոսքով, հայ մասնագետների գործուղման ժամկետն ավարտվել է, եւ ներկայումս նրանք գտնվում են անվտանգ վայրում` Օսակայում: Նրանք Օսակայից ժամանելու են Տոկիո, ապա Մոսկվայով կվերադառնան Երեւան:
Հայաստանի քաղաքացիները մշտական կապի մեջ են դեսպանի հետ:
Նշենք, որ 9 մագնիտուդով երկրաշարժը հզոր ցունամի էր առաջ բերել` 10 մետր բարձրությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք, օջախը գտնվել է 24 կմ խորության տակ: Զոհերի թիվն անցել է 5 հազարից, հազարավորներն անհետ կորած են համարվում, տարհանվել է մոտ 550 հազար մարդ:



























