Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ մարտի 16-ին, ժամը 14.30-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում «Երեք Ֆրանկոֆոնիաները» վերնագրով դասախոսությամբ հանդես կգա Ֆրանկոֆոնիայի եւ Գլոբալիզացիայի վերաբերյալ հետազոտությունների համալսարանական ինստիտուտի եւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հիմնադիր ռեկտոր Միշել Գիյուն:

Բանախոսն արծարծելու է աշխարհում Ֆրանկոֆոնիայի զարգացման ընդհանուր քաղաքակրթական, մշակութային, կրթական հայեցակետերը եւ խոսելու է գլոբալիզացիայի գործընթացներում դրանց դերի մասին:

Ներկա կլինեն Ֆրանսիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սիրիայի, Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, ՀՀ Արտաքին գործերի, Կրթության եւ գիտության, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ: Դասախոսությանը ժամը 14.00-ին կնախորդի Սենեգալի առաջին նախագահ, գրող եւ Ֆրանսիական ակադեմիայի անդամ, Լեոպոլդ Սենգորի անվան ամբիոնի բացումը:

Դասախոսությունը կկայանա Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Ա» կոնֆերանս-դահլիճում:

Ներկայումս Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը ներկայացված է բոլոր մայրցամաքներում իր 9 գրասենյակների, 66 տարածքային մասնաճյուղերի եւ 427 գործակալների միջոցով:

Հիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, իսկ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանն անդամակցում են հայաստանյան 3 բուհ` ԵՊՀ-ը, Վ. Բրյուսովի անվ. Պետական լեզվաբանական համալսարանը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը: