Եվրամիության «Թվինինգ» ծրագրի հետ կապված հարցեր են այսօր՝ մարտի 15-ին քննարկել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ու Դանիայի վիճակագրական ծառայության նախագահ Յան Պլովզինգը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Դանիայի ղեկավարությամբ իրականացվող «Թվինինգ» ծրագրի նպատակը Հայաստանի վիճակագրական համակարգի ներդաշնակեցումն է ԵՄ չափանիշներին:

Կողմերն արձանագրել են, որ այն  Հայաստանի վիճակագրական համակարգում նոր, որակական բարեփոխումների սկիզբ կլինի:

Հյուրերը տեղեկություններ են ներկայացրել Դանիայում վիճակագրական համակարգի վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ վիճակագրական տվյալները Դանիայում հիմնականում ստացվում են վարչական ռեգիստրների միջոցով: Դրանց ներդրման համար թեեւ պահանջվել է տարիների աշխատանք, սակայն ներկայումս տվյալներն ամբողջական են, մատչելի, եւ ստանալու համար շատ ժամանակ չի պահանջվում: Հյուրերը մասնավորապես նկատեցին, որ Դանիայում, օրինակ, մարդահամարի անցկացման համար մեծ գումարներ եւ վարչական ջանքեր չեն պահանջվում:

Ա. Գեւորգյանը տեղեկացրել է, որ ներկայումս ՀՀ-ում աշխատանքներ են կատրավում Բնակչության պետական ռեգիստրն աբողջականացնելու ուղղությամբ:Նշվել է, որ կառավարությունն առաջիկա տարիներին լուրջ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացման խնդիրներին,  եւ այստեղ եւս լիարժեք ռեգիստրների առկայության անհրաժեշտություն կա:

Փոխվարչապետը հյուրերին տեղեկություններ է հաղորդել նաեւ այս տարի աշնանը Հայաստանում անցկացվելիք մարդահամարի վերաբերյալ: