Արդեն երկու ամիս է, ինչ Հայաստանում կիրառվում է ինտերնետային կայքերի DNSSEC համակարգը, որն ավելի անտանգ է, քան մինչ այդ կիրառվող DNS համակարգը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ նշելով, որ Հայաստանն այդ համակարգը կիրառող 16-րդ երկիրն է, ինչը հպարտանալու առիթ է։
Նախորդ՝ DNS համակարգը որոշ տեխնիկական թերություններ ուներ, ինչի արդյունքում որեւէ մի կայքի հասցե հավաքելիս հնարավոր էր այլ տեղում հայտնվել։ DNSSEC տեխնիկական սպեցիֆիկացիայի ներդրումը թույլ է տալիս կանխել այդ վտանգները։
Գ. Սաղյանի խոսքով՝ Հայաստանում նոր սպեցիֆիկացիաների կիրառումը կբարձրացնի տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակը։
NEWS.am- Ինովացիայի թղթակիցը այս առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ մասնագետից։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մաչանյանի խոսքով՝ նման արձանագրության միանալը հնարավորություն է տալիս կանխել չարագործների կողմից կատարվող մի շարք հարձակումներ, որոնցով նրանք փորձում են մարդկանց շփոթության մեջ գցել եւ այդպիսով մարդկանցից կորզել որոշ անձնական տվյալներ։
Որեւէ կայք այցելելիս, կայքի անունը հավաքելուց հետո դիմում է ուղարկվում DNS սերվերին, որը փոխարինում է այդ անունը ճիշտ IP հասցեով, սակայն հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ արհեստականորեն կամ պատահաբար ճիշտ IP-ի փոխարեն կեղծ կամ սխալ տեղ տանող IP հասցե է վերադարձվում։
«Երբեմն ձեր ցանկացած կայքի հասցեն հավաքելիս, դուք հայտնվում եք ոչ թե այնտեղ, ուր ցանկանում եք, այլ տվյալ կայքի սխալ կամ կեղծված տարբերակում։ Հաճախ նմանօրինակ կայքում հայտնվելիս դժվար է անգամ անմիջապես գլխի ընկել դրա մասին»,-ասաց Ս. Մաչանյանը։ Նրա խոսքով՝ նման բան հաճախ է տեղի ունենում։
Իսկ հարցին, թե արդյոք այս արձանագրությունը կարո՞ղ է ամբողջովին վերացնել կայք այցելելիս սխալ տեղում հայտվելը, տեղեկատվական անվտանգության մասնագետը պատասխանեց, թե սա պարզապես կնվազեցնի սխալ վայրում հայտնվելու ռիսկը։




























