Լատվիայի Սեյմը չորեքշաբթի օրվա նիստում երկրի նախագահ է ընտրել իրավաբան Էգիլս Լեւիտսին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Լատվիայում նախագահին ընտրում է խորհրդարանը։ Այդ պաշտոնին հավակնում էր երեք թեկնածու՝ Լեւիտսը, օմբուդսմեն Յուրիս Յանսոնսը եւ պատգամավոր Դիձիս Շմիտսը։ Սեյմի պատգամավորների մեծամասնությունը պաշտպանեց Լեւիտսի թեկնածությունը։

Լատվիայի գործող նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը որոշել է չառաջադրվել երկրորդ ժամկետի համար։

Լեւիտսը 1982 թվականին ավարտել է Համբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1985-ին՝ նույն բուհի հասարակագիտության եւ փիլիսոփայության ֆակուլտետը։ Եղել է Լատվիայի դեսպանը Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում եւ Հունգարիայում, հինգերորդ գումարման Սեյմի պատգամավոր, արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ Լատվիայից։ Եղել է նախագահի թեկնածու 2015-ին։ Լատվիայի սահմանադրության ներածության հեղինակն է, որը ենթադրում է, որ Լատվիական պետությունը ստեղծվել է այն բանի համար, որպեսզի «երաշխավորի լատիշ ազգի, նրա լեզվի եւ մշակույթի էական եւ դարավոր զարգացումը»։

Լեւիտսը քննադատաբար է արտահայտվում Ռուսաստանի քաղաքականության մասին, արդարացված է համարում պատժամիջոցները Մոսկվայի հանդեպ, ռուսերենի արգելման կողմնակիցն է հանրապետության դպրոցներում։