Երեւանի ուղղահայաց շարժունակության եւ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ միջազգային ընկերությունն իրականացրել է մայրաքաղաքի վերելակային տնտեսության ընդհանուր վիճակի ուսումնասիրություն:

Սեմինարի ընթացքում ներկայացվել է խորհրդատուների հաշվետվությունն ու նախանշվել են հիմնական հնարավորությունները եւ խոչընդոտները, որոնք կարող են ազդեցություն ունենալ վերելակների փոխարինման հետագա ծրագրի եւ դրա կառուցվածքի վրա:

Քննարկմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, միջազգային ու տեղական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Իրականացված ուսումնասիրությունները ներառում են վերելակային տնտեսության առկա վիճակը, տնտեսական եւ ֆինանսական գնահատականը, վերելակների փոխարինման ժամանակացույցը, ծրագրի հավանական տեւողությունը, ինչպես նաեւ առաջարկվող լուծումները: Մայրաքաղաքի վերելակային ֆոնդի փոխարինման վերաբերյալ ներկայացնելով քաղաքային իշխանությունների մոտեցումները՝ Հրաչյա Սարգսյանը եւ Հայկ Սարգսյանն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել կատարված ուսումնասիրությունների ու առաջարկվող տարբերակների առնչությամբ:

Սեմինարի արդյունքներով եզրահանգումները կներառվեն խորհրդատուների առաջարկություններում եւ վերջնական հաշվետվության մեջ: