Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին օրերի հայտարարությունները պատասխան էին Հայ ազգային կոնգրեսի պահանջներին եւ այն իրադարձություններին, որոնց սպասում են իշխանությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 16-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ հանրապետության նախագահի վերջին օրերի ելույթները շատ թույլ էին, անլուրջ եւ ընդամենը «գոլորշի թողնելու» միջոց` հասարակության մեջ առկա լարումը թուլացնելու համար:

«Նրա երեք ելույթներն էլ անհաջող էին, քանի որ նրան հավատացող չկա, որ պատրաստ է գնալ ժողովրդավարության»,-նկատեց Մանուկյանը: Նա նաեւ հավելեց, որ իշխանությունները չկատարելով մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ-ի կողմից ներկայացված  15 կետից բաղկացած պահանջները, հատկապես` քաղբանտարկյալներին ազատ արձակելը, իրենց ավելի վատ դրության մեջ դրեցին: «Այդ պահանջի բավարարումը կբխեր առաջին հերթին Սերժ Սարգսյանի շահերից, սակայն նա իրեն դրեց թե´ ներհասարակական, թե´ միջազգային ճնշման տակ»,-նկատեց Մանուկյանը:

Բացի այդ, ըստ նրա, Սերժ Սարգսյանի հայտարարություններն ու նրա կողմից կատարած քայլերը տրամագծերեն տարբերվում են միմյանցից: Դրա ապացույցը վերջին օրերին ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ ոստիկանական հետապնդումներն  են ու աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին կալանավորելու փաստը: ՀԱԿ  ներկայացուցչի խոսքով` իշախնություններն իրենց այդ քայլերով ինչ-որ տեղ օգնում են ընդդիմությանը, ստիպելով, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքին իշխանություններից բողոքող ավելի մեծ հասարակական զանգվածներ մասնակցեն:

Արամ Մանուկյանը միաժամանակ կոչ արեց Սամսոն Խաչատրյանի կոլեգաներին, նրան ճանաչողներին, համաշխարհային մարզական  կառույցներին ակցիա կազմակերպել` ի պաշտպանություն  հանիրավի կալանավորված մարզիկի: