«Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է մարտի 15-ին Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, ով «պայքարի այդ ծայրահեղ եղանակով քաղաքացիական ահազանգ է հնչեցնում ողջ հայությանը` անարդարությամբ ու ապօրինությամբ վտանգված մեր պետականության ապագայի համար»:
«Գործող իշխանությունները մեր սերունդների ապագան վտանգել են պետական ներքին ու արտաքին պարտականություններից իրենց փաստացի հրաժարումով եւ դրա փոխարեն իշխանությունը առնվազն յոթ տարով բռնազավթելու խմբային մտադրությամբ:
«Ժառանգությունը» վերահաստատում է համահասարակական ու համազգային այն պահանջը, որով գործող իշխանությունը եւ նախագահը պետք է հետ շրջեն պետության կուսակցականացման այս վտանգավոր գործընթացը, մեր երկրի համար իրենց իսկ ստեղծած այս արտակարգ դրության պայմաններում գտնեն արտակարգ լուծումներ, այն է` հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ ձեւավորումը` վերադարձնելով հայ ժողովրդին իր ձայնը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իր իրավունքը:
Իսկ եթե ոչ, ապա իշխանությունները պարտավոր են իրավաբանորեն ամրագրել իրենց հրաժարումը սահմանադրական պարտականություններից, իսկ հասարակությունն էլ` հանրային սպասումներին համահունչ համախմբած ընդդիմությամբ պետք է տեր կանգնի երկրին, մեր ապագային` վերանվաճելով իր ազատությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը»,- ասված է «Ժառանգություն» կուսակցության այսօր՝ մարտի 16-ին տարածած հայտարարության մեջ:





























