«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Հադրութի Դրախտիկ գյուղում մանկապարտեզ է կառուցում, որը Հիմնադրամի արդեն 3-րդ ծրագիրն է այդ գյուղում: Այս ձեռնարկը համաֆինանսավորվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության կողմից:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդային տարիներին գործող մանկապարտեզը պատերազմի ժամանակ վերածվել էր շտաբի, որն այսօր օգտագործվում է որպես համայնքի վարչական գրասենյակ: Նախադպրոցական տարիքի երեխաները, որոնց թիվը գյուղում հասնում է քսանի, դպրոցին պատրաստվելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայումս հյուրընկալվում են նորակառույց դպրոցում հատկացված մեկ դասասենյակում, որը միայն երեխաների կրթական նպատակներին է ծառայում: Իսկ գյուղի կրտսեր տարիքի ավելի քան 15 երեխաներն ընդհանրապես մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունեն:

Նոր մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար: Այն կունենա տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված առանձին ննջասենյակներ ու խաղասենյակներ, ինչպես նաեւ մարմնամարզության ու երաժշտական պարապմունքների դասասենյակներ: Նորակառույցում կտեղադրվեն ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակարգեր: Խոհանոցը, լվացքատունը, բուժկետն ու սանհանգույցները ապահովված կլինեն կենցաղային տեխնիկայով ու պարագաներով: Երեխաների ժամանցը հնարավոր կլինի նաեւ կազմակերպել նաեւ բացօթյա խաղահրապարակում:

«Մանկապարտեզի կառուցումը «Հայաստան» հիմնադրամի միակ ծրագիրը չէ Դրախտիկում. նրա ջանքերով համայնքն ապահովվել է խմելու ջրով, իսկ նվիրաբերված գյուղտեխնիկան օգնում է գյուղացիներին ավելի մեծ արդյունք ստանալ իր հողից»,-նշել է Դրախտիկի գյուղապետ Նորայր Դավթյանը: