Գյումրիի պատմական կենտրոնի՝ Գյումրիի Վարդանանց հրապարակի եւ Արագած ճեմափողոցի կետային կառուցապատումով քաղաքի իշխանությունները խախտում են քաղաքաշինական եւ բնապահպանական բազմաթիվ նորմեր, արհամարում Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջները:
Նման բովանդակությամբ հայտարարություն են տարածել Գյումրիի շուրջ 30 ՀԿ-ներ:
«Գյումրիի Վարդանանց հրապարակը, որը ըստ գոտիավորման նախագծի նախատեսված էր որպես կանաչ հրապարակ, 2008թ. պատվեց քարե գորգով եւ դա քաղաքային բյուջեից խլեց ավելի քան 180 մլն դրամ: Չերազի եւ Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող մոտ 80 մ ճանապարհահատվածի կառուցման համար ծախսվեց 52 մլն դրամ եւ հատվեցին ավելի քան 40 ծառ եւ թուփ:
Վերջինիս հարեւանությամբ` հրապարակի եւ այդ փողոցի արանքում թողնված կանաչ կղզյակը, որը բաղկացած է ութ եղեւնիներից, քաղաքապետարանը նախատեսում է տեղափոխել, քանի որ դրանք ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի, իբր, կորցրել են իրենց էսթետիկական տեսքը, փակում են ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքերի ճակատները:
Վերը նշված հակաեղեւնային քաղաքականության հաջորդ զոհերը Վարդանանց հրապարակի «Կումայրի» հյուրանոցի դիմացի 12 եւ Գյումրիի Արագած ճեմափողոցի 9 եղեւնիներն են, որոնք, իբր թե «խաթարում են» հրապարակի եւ ճեմափողոցի քաղաքաշինական տեսքն ու ենթակա են տեղափոխման»,- նշում են հայտարարության հեղինակները, նշելով, որ աընդունելի են համարում կանաչ տարածքների ոչնչացման հաշվին կառուցապատում իրականացնելու քաղաքի իշխանությունների գործելակերպը:
ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկում են հրաժարվել Վարդանանց հրապարակում եւ Արագած ճեմափողոցում աճող եղեւնիները տեղափոխելու մտքից, Վարդանանց հրապարակի մոտ գտնվող տարածքը կանաչապատել ու տրամադրել Գյումրիի բնապահպանական ոլորտի ՀԿ-ներին, հրաժարվել Արագածի ճեմափողոցի մեջտեղում ավտոկայանատեղի տեղակայելու մտքից եւ հնարավորինս մեծացնել կանաչապատման մակերեսը այդ տարածքում, բացառել ճեմափողոցի եւ նրան հարող տարածքների հետագա կառուցապատումը եւ նեղացումը, գազոնների եւ կանաչ տարածքների հաշվին:





























