Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչներից կազմված 6 հոգանոց խումբն այս պահին հանդիպում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ  Կարեն Իսախանյանի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ին հայտնեց Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը: Նշենք, որ արդեն 1 օր է, բնակիչները փակել են ճանապարհը, եւ պահանջում են ոռոգման ջրի սակագնի իջեցում: Համայնքի բնակիչներից Ռադիկ Ամիրխանյանն ասաց, որ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը զանգահարել է գյուղապետին, եւ ասել, որ 6 հոգանոց խումբ կազմեն եւ գնան Պապիկյանի հետ զրուցելու.

«Մենք այսպես փակած սպասելու ենք մինչեւ մեզ գոհացնող պատասխան տան: Մարդկանց քանակը գերազանցում է 2 հարյուրը: Շատ լարված մթնոլորտ է, քանի որ արդեն 1 օր է  բեռնատարների մեջ եղած սննդամթերքը փչանում է»,- պատմեց բնակիչը եւ ավելացրեց, որ բնակիչների եւ վարորդների միջեւ անընդհատ վիճաբանություններ են տեղի ունենում, սակայն սաստում են ոստիկանները: Նա նաեւ նշեց, որ գյուղի եղած ժամ առ ժամ բերքը չորանում է.

«Էսօր զանգեցինք Ջրային կոմիտեի նախագահին, ասաց, որ մյուս անգամ իրեն չզանգեք՝ չորանում է, թող չորանա, այդպես մեզ ասաց: Փաստացի, էտ մարդը չի տիրապետում իրավիճակին էլ ինչ ասենք»,- ասաց բնակիչը:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանի հետ, նա ասաց, որ մարզպետարանի իրավասությունների սահմանում իրենք արել են ամեն ինչ: Եվ նշեց, որ այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ գյուղացիների շրջանում կա թյուրըմբռնում.

«Չի կարող Արագածավանի ոռոգման սակագինը լինել որեւէ այլ գին, մյուս համայնքների համար՝ այլ գին: Իրենք ասում են, որ մենք ուզում ենք վճարել այնքան, որքան ուզում ենք: Այս ամենը դեռ քննարման փուլում է, իսկ գյուղացին ուզում է արագ լուծում, բայց դա րոպեական լուծելու հարց չէ: Ոչ թե չեն համբերում, այլ անգամ չեն ուզում լսել»,- ասաց փոխմարզպետը եւ ավելացրեց, որ եթե մարզպետը եւ մարզպետարանի ցանկացած աշխատակից գնա այնտեղ, միեւնույն է, հարցը չի լուծվելու.

«Հայաստանում չկա այնպիսի պաշտոնյա, որ գնա ասի՝ կարող ես 13 հազարով ջրել»,- ասաց Աթանեսյանը:

Նշենք, որ ակցիային են միացել նաեւ հարեւան Քարակերտ եւ Արտենի գյուղերի բնակիչները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 29-ի կեսօրից Արագածավանի բնակիչները փակել են Երեւան-Գյումրի ճանապարհը եւ բողոքում են ոռոգման ջրի սակագնից: Գյուղապետ Անդրանիկ Պապիկյանի խոսքով՝ ոռոջման ջրի սակագինը Արագածավանի որոշ հատվածներում 1 հեկտարի համար 60 հազար դրամ է, իսկ այլ հատվածների համար՝ առնվազն 30 հազար դրամ. «Ստացվում է, որ 1 հեկտարի հասնող խաղողի այգին 2-3 անգամ ջրելու համար մեզ պետք է 180 հազարին հասնող գումար: Մեր գյուղում խաղողի այգիներ կան, հողեր կան, որ արդեն վերածվել են կիսաանապատային վիճակի»:

Հիշեցնենք, որ Արագածավան համայնքի բնակիչները արդեն 3 ամիս է՝ բողոքում են ոռոգման ջրի սակագնից: Մի քանի անգամ բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Նախորդ ակցիայի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հանդիպել էր բնակիչների հետ եւ խոստացել հարցին արագ լուծում տալ: