Ճապոնիայի ավերիչ երկրաշարժը, գիտնականները դեռ 1997 թվականին էին կանխատեսել։ Այս մասին  «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ գիտությունների ակադեմիայի Երկրաբանության եւ տեկտոնոֆիզիկայի խաղաղօվկիանոսյան ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Վալերի Աբրամովը։

Այս հետազոտության արդյունքները  տպագրվել է «ՅՈՒՆԵՍԿO-ի պրոֆեսորական ակումբի աշխատություններ» ամսագրում։ «Մենք տեղեկացրել  էինք, որ 2011թ Կանտոյի շրջանում տեղի է ունենալու 10 եւ ավելի բալ ուժգնության ստորերկրյա ցնցումների շարք։ Ըստ ուսումնասիրությունների, հենց այդ տարածքներն են տուժել երկրաշարժից»- նշել է Աբրահամովը ներկայացնելով 1997թվականին լույս տեսած ամսագիրը։

2006 թվականի գարնանը ճապոնիայի դեսպանատունը  խնդրել էր Վլոդիվոստոկի գիտնականներից իրենց փոխանցել երկրաշարժի մասին կանխատեսումների արդյունքները, պատմել է Աբրահամովը։ Ռուս գիտնականները փոխանցել են փաստաթղթերը, իսկ օգտագործվել են հետազոտությունները, թե՝ ոչ, գիտնականը չգիտի։

Նշենք, որ մարտի 11-ին 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հզոր ցունամի էր հարուցել` 10 մետր բարձրությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք, օջախը գտնվել է 24 կմ խորության տակ: Հզոր երկրաշարժի եւ ցունամիի զոհերի ու անհետ կորածների թիվը գերազանցել է 11 հազարը: Ճապոնիայի իշխանությունները հաստատել են 3676 մարդու մահը, անհետ կորած են համարվում 7558-ը: Տարհանվել է մոտ 550 հազար մարդ: Ներկայումս Ճապոնիայում են Հայաստանի 30 քաղաքացիներ, որոնցից ոչ ոք չի տուժել: