Մեր երկիրն այնքան է գլորվել, որ բախտի քմահաճույքով բարձր պաշտոններում հայտնված մարդիկ անթույլատրելին համատեղում են օգտակարի հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Սամվել Նիկոյանի հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, հացադուլ անելով, հաճելին համատեղում է օգտակարի հետ:

«Ի գիտություն նմանների ուզում եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել նաեւ Հայաստանի բոլոր սովածների համար, բոլոր կուշտերի անունից: Հաշվի առնելով, որ այդպիսիների ստամոքսը չափից դուրս մեծ կախվածություն ունի ոչ միայն ուտելիքից, այլ նաեւ հարկատուների հաշվին պահվող հատկացումներից, հրավիրում ենք նրան հացադուլի վայր`փորձել գեթ մեկ օր անցկացնել այն ցրտի անմարդկային պայմաններում»,- ասել է Սաֆարյանը:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով «Ժառանգության» առաջնորդի հացադուլը Սամվել Նիկոյանն ասել էր. «Հնարավոր է, Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է պարզապես հաճելին համատեղել օգտակարի հետ եւ այս օրերին պաս պահել: Իսկ ինչո՞ւ է նա հացադուլ հայտարարել: Կարող էր պարզապես ներկայացնել իր պահանջներն ու առաջարկներն իշխանություններին, որոնք հաշվի են առնում ընդդիմության կարծիքը»: