Չինաստանը մեղադրել է Միացյալ Նահանգներին բազմակի ստի մեջ տնտեսության համար առեւտրային պատերազմի հետեւանքների առիթով, քանի որ Պեկինը պատրաստվում է բարձրացնել ամերիկյան ապրանքների ներմուծման տուրքերը՝ գինուց մինչեւ դաշնամուր ու պահպանակներ, տեղեկացնում է AFP-ն։
Հունիսի 1-ին Պեկինը կմտցնի պատասխան սակագներ ամերիկյան ապրանքների ներմուծման վրա, Չինաստանն սպառնում է դադարեցնել հազվագյուտ հողերի մետաղների արտահանումը, որոնք առանցքային են ԱՄՆ տեխնոլոգիաների համար, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը սեւ ցուցակ մտցրեց Huawei հեռահաղորդակցային հսկային։
Պեկինը կոշտ է արձագանքել Թրամփի մեկնաբանությանն այն մասին, որ ԱՄՆ սակագները «ավերիչ ազդեցություն» են ունեցել չինական տնտեսության վրա։
«Ամերիկյան կողմը ստում է այդ մասին արդեն ոչ առաջին անգամ։ ԱՄՆ-ը, ըստ երեւույթին, շատ համառորեն եւ անգամ ասես տարված է շարունակելու կրկնել այդ սուտը»,- ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը մամուլի ճեպազրույցում։
Թրամփը բարձրացրել է 200 մլրդ դոլարի չինական ապրանքների տուրքերը 25 տոկոսով եւ սկսել մի գործընթաց, որը վերաբերում է ասիական երկրի գրեթե ողջ ներմուծմանը։
«Ես կարող եմ ձեզ ասել, որ Չինաստանը շատ է ցանկանում գործարք կնքել»,- ասել է Թրամփը նախօրեին։ «Չինաստանը դառնում է շատ թուլացած ազգ»։
Ի պատասխան՝ Չինաստանը հայտարարել է, որ հունիսի 1-ին կբարձրացնի 60 մլրդ ամերիկյան ապրանքների սակագները։ Այդ թվում.
Կոսմետիկ միջոցներ, ինչպիսին են օծանելիքները, կոսմետիկան աչքերի եւ շուրթերի համար
Խոհանոցային տեխնիկան
Մարզական սարքավորումները, ներառյալ սեղանի թենիսի գնդակները, փետրագնդակի ձեռնաթիակները եւ ֆուտբոլի գնդակները
Դաշնամուրները եւ լարային գործիքները
Ալկոհոլը, ներառյալ ջինը, գինի եւ թեքիլան
Այլ ապրանքներ, ներառյալ պահպանակները, ադամանդները, արդյունաբերական ռոբոտները, անվադողերը, գործվածքները, փայտն ու խաղալիքները։
Սակագները առեւտրային պատերազմի միակ զենքը չեն։
Թրամփի վարչակազմը սահմանափակել է Huawei-ի հասանելիությունը ամերիկյան բաղադրիչներին, որոնք նրան անհրաժեշտ են սարքավորումների համար։
Այս շաբաթ չինական պետական ԶԼՄ-ները ենթադրել են, որ Պեկինը կարող է պատասխան հարված հասցնել՝ դադարեցնելով հազվագյուտ հողերի մետաղների արտահանումը Միացալ Նահանգներ։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ չինական հանքերին 2018-ին բաժին է ընկնում Միացյալ Նահանգներ ներմուծվող հազվագյուտ հողերի մետաղների համաշխարհային արտադրության 80 տոկոսը։




























