Էդ կոչ անողներն առաջինը թող իրենք իրենց լրագրողներին կարգի հրավիրեն, որ կարողանա լրագրողը հարգարժան մարդուն հարց տալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողական մեկ տասնյակ ՀԿ-ների հայտարարությանը, որոնք կոչ էին անում Ծառուկյանին զսպվածություն ցուցաբերել իրեն հարց տվող լրագրողների նկատմամբ:
«Ես չեմ խուսափում հարցերից, բայց լրագրողը պետք է հասկանա, որ երբ վիրավորական դիմում է մարդուն...։ Ես դեռ իմ վրա զարմանում եմ, թե ոնց իրեն այդքան կոռեկտ պատասխանեցի: ՈԵրնց կարելիէ արդը, որ առավոտից իրիկուն օգնում ա, անում ա, որը ցույց են տալիս, որը ցույց չեն տալիս: Ու նա առանց անհարմար զգալու, ինձ վիրավորելով անհիմն, որի համար ինքը պետք է պատասխան տա»,- ընդգծեց Ծառուկյան՝ հավելելով, որ լրագրողները պարբերաբար իրեն հարցնում են Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից ու «Մարտի 1»-ից:
«Լավ, անհարմար չէ՞։ Էսօր եքա տնտեսություն ա հզոր, հեղափոխություն ա եղել, ժողովուրդը սպասելիք ունի, որ ինչ-որ մի լավ բան պիտի լինի։ Տնտեսություն ասեք, հարկային դաշտ ասեք, ներդրումներ ասեք, մի բան ասեք։ Ոչ մի բան չեք ասում, ես ուզում եմ, որ մեր տեսակետը, մեր առաջարկը ասենք, որ ժողովրդին ոգեւորենք, որ մի լավ քայլ ենք կատարելու։ Մարդիկ էսօր չեն կարողանում ապրեն, վարկերի տակ ճռռում են: Փոխանակ այդ խնդիրները քննարկենք...»,-ընդգծեց ԲՀԿ նախագահը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեկ տասնյակ լրագրողական ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես, ասվում է. «Մայիսի 29-ին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դժգոհելով լրագրողներից, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նրանց հասցեին, ապա նշել, թե իրեն անհաճո հարցեր տալու համար գումար են վերցնում ու պատվեր կատարում։ Մասնավորապես, Ծառուկյանը մատնացույց է արել «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ու ասել, որ վերջինս պետք է պատասխան տա իր հնչեցրած հարցերի համար։
Սա առաջին դեպքը չէ, երբ ԲՀԿ ղեկավարն այսօրինակ վարքագիծ է դրսեւորում։ Եվ ցավոք, նա միակը չէ. մենք բազմիցս ենք արձանագրել փաստեր, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ ու հանրային այլ դեմքեր ԶԼՄ ներկայացուցիչների հետ շփվելիս իրենց համար անցանկալի հարցերին ի պատասխան վիրավորում կամ փորձում են ճնշել ու «դասեր տալ» նրանց»:





























