Ցեմենտի գործարանի մասով հայտարարել ենք, որ քանի որ դա ոլորտըի խնդիր էր, ոչ թե անձնական շահի, դրա համար ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի խառնվելու: Այս մասին, ասյօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք կիրառելու նախաձեռնությանը:
«ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի որոշումը, «Իմ քայլի» որոշումը մենք ընդունելու ենք եւ ոնց ընտրություն կատարեն, նույնը մենք ենք կատարելու, նույն ձեւ ենք քվեարկելու, բայց պատասխանատվությունը լինելու է իրենց վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը Արարատի ցեմենտի գործարանը հանձնել է կառավարման եւ չի խառնվելու գործարանի գործերին, այդ թվում, աշխատակիցների գործազուրկ մնալու հարցերին:
Նա ընդգծեց, որ երբ գնում հանդիպում է գործարանի աշխատակիցներին, բոլորը սխալ են հասկանում. «Բոլորը ցանկացել են փողոց փակեն, գան հասնեն կառավարություն: Ես ասել եմ՝ չի կարելի, թող մի հոգի գա»:
Նշենք, որ «Արարատցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է 22 հազար դրամ պետական տուրք կիրառվի ոչ միայն Իրանից ներկրվող ցեմենտի վրա, այլեւ կլինկերի վրա, որից ստանում են ցեմենտ: Հակառակ դեպքում իր գործարանը ոչ թե ցեմենտ կարտադրի, այլ դրսից էժան կլինկեր կբերի եւ դրանով արագ կստանա ցեմենտ, իսկ գործարանի 1200 աշխատակիցներ էլ անգործ կմնան:
ԱԺ տնտեսական հանձնաժողովը որոշեց, որ տուրք պետք է կիրառվի միայն ներկրվող ցեմենտի վրա, կլինկերը կրա չի կիրառվի: Ավելի ուշ,, նույն հանձնաժողովը որոշում կայացրեց, որ անգամ ցեմենտի վրա պետական տուրքը պետք է լինի ոչ թե 22 հազար դրամ, այլ 14 հազար դրամ:




























