Արծաթե եւ ոսկե մետաղադրամներով գանձարան է հայտնաբերվել Ֆրանսիայի Դիժոն քաղաքում հնագետների կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Figaro թերթին:

Պարբերականը նշում է, որ գտածոն բաղկացած է 34 մետաղադրամներից, որոնցից 10-ը պատրաստված են ոսկուց: Դրանք պահված էին փոքրիկ բրոնզե տուփի մեջ տներից մեկի հատակի տակ: Ամենահին մետաղադրամը թվագրված է 1432-ին, իսկ ամենանորը՝ 1494-ին: Դրանց վրա հատված են այդ ժամանակաշրջանում Եվրոպայի ղեկավարների պատկերները՝ Հռոմի Պապ Նիկողայոս V-ի, Միլանի հերցոգ Գալեացո Մարիա Սֆորցայի, Լյուդովիկոս XI-ի, Հռոմի Պապ Ինոկենտի VIII-ի եւ այլոց:

«Բոլոր մետաղադրամներն ունեն օտարերկրյա ծագում, բացի երկուսից,-պարբերականը մեջբերում է դրամագետ Պասկալ Լիսրարի խոսքերը: Շատ հավանական է, որ դրանց տերը հատուկ էր առանձնացրել եւ թաքցրել դրանք»:

Փորձագետները ենթադրում են, որ դրամների տերն, ըստ ամենայնի, ծագումով արիստոկրատ ընտանիքից էր: Նա թաքցրել էր օտարերկրյա մետաղադրամենրը, քանի որ թագավոր Կառլ VIII-ը արգելել էր կիրառել դրանք 1490 թվականին, իսկ մնացածը նա ձեռք էր բերել շատ մատչելի գնով:

Փորձագետները նաեւ նշում են, որ բոլոր մետաղադրամները շատ հազվագյուտ են, քանի որ այդ ժամանակաշրջանի բազմաթիվ ղեկավարներ հակված էին նույն քաղաքականությանը, ինչպես եւ Կառլ VIII-ը, եւ պարզապետ վերացնում էին բոլոր հին մետաղադրամները: