Երուսուկես ամիս է անցել պարտադիր ավտոապահովագրության ներդրումից հետո, սակայն կարելի է վստահաբար ասել, որ սա գերշահութաբեր բիզնես է։

Հայտնի է, որ ավելի քան 350 հազ. ավտոմեքենաների ապահովագրումից ապահովագրական ընկերությունները ստացել են մոտ 10 մլրդ դրամ (մոտ 27 մլն դոլար): Որպեսզի վնասով աշխատեն՝ պետք է ամսական առնվազն 800 մլն դրամի (մոտ 2,1 մլն դոլար) հատուցում վճարեն, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ապահովագրական ընկերությունները նման չափերի հատուցում չեն վճարում։

Հունվար-փետրվարին նրանք վճարել են ընդամենը 500 մլն դրամ (մոտ 1,3 մլն դոլար), եւս 630 մլն դրամի(մոտ 1,7 մլն դոլար) վճարման պարտավորություն ունեն: Այսինքն՝ վատագույն դեպքում (ապառքներն էլ ներառյալ) նրանք ամսական 500-600 մլն դրամ (մոտ 1,3-1,4 մլն դոլար) են վճարելու, մնացած 300 մլն դրամը (հանած գործառնական ոչ մեծ ծախսերը) արդեն շահույթի դաշտում են։

Փետրվար-մարտին տեղի են ունեցել մոտ 3000 վթարներ (ամսական 1500 վթար), որոնց գծով իրականացվել է ապահովագրական հատուցում։ Նշենք, որ ձմռան ամիսները «ամենավթարայինն են», հետեւաբար՝ մյուս ամիսներին վթարների քանակը կտրուկ կնվազի։ Այնինչ ապահովագրական վճարների չափը հաշվարկվել է տարեկան 30 հազ. կամ ամսական 2500 վթարի հաշվարկով։ Փորձագիտական բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ տարվա կտրվածքով ամսական միջին վթարները չեն գերազանցի 1000-ը:

Այս ամենից հետո զարմանալի է, որ ապահովագրական որոշ ընկերությունների ղեկավարներ խոսում են իբր հատուցումների մեծ քանակի մասին, ու նույնիսկ ակնարկում ապահովագրական վճարը բարձրացնելու մասին։ Այնինչ իրականում կարելի է քննարկել միայն ապահովագրական վճարների նվազեցման չափը, կամ էլ՝ ապահովագրական հատուցումների վերին շեմի բարձրացման խնդիրը։

Պատահական չէ, որ ապահովագրական ընկերությունները հսկայական գումարներ ուղղեցին գովազդի շուկա։ Շուտով հավանաբար կսկսեն բանկերի օրինակով շքեղ օֆիսներ կառուցել։ Իսկ թե որքա՞ն հարկ կվճարեն պետությանը՝ առայժմ հայտնի չէ, բայց հազիվ թե արժե մեծ ակնկալիքներ ունենալ։

Սամվել Ավագյան