Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայումը Հայաստանի գիտակված, կշռադատված որոշումն է, որը խնդիր ունի ապահովել հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին Բելգիայում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը տարածաշրջանում ունի լրջագույն խնդիրներ, չկարգավորված ռազմական խնդիրներ հարեւանների հետ, որոնց տնտեսական, ռազմական կարողությունները տասնապատիկ անգամ գերազանցում են փոքր Հայաստանի կարողությունները:

«Ե՞րբ կնվազի միակողմանի ռազմական ուժերի տեղակայման անհրաժեշտությունը տարածաշրջանում. այն ժամանակ, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ռիսկերն էապես կնվազեն: Դա ժողովրդավարական ուղիով իրականացվող բարեփոխումներն են, եւ եթե այդ ոլորտում մենք ունենանք հաջողություն, ապա տարածաշրջանում կլինի վստահության մթնոլորտ, ու ռազմական ուժերի առկայության անհրաժեշտություն  չի լինի»,- ասել է նա:

Տ. Սարգսյանն անդրադարձել է նաեւ Մաքսային միությանը  (միավորում է Ռուսաստանին, Ղազախստանին եւ Բելառուսին) Հայաստանի հնարավոր անդամակցության խնդրին: «Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է։ Մեր օրենսդրության մեջ ներդրել ենք այն չափանիշները, որոնք բխում են այդ համաձայնագրից։ Ռուսաստանը նույնպես ցանկություն ունի ԱՀԿ անդամ դառնալ եւ այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ ջանքեր է գործադրել։ Միջազագային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որեւիցե երկիր, չունենալով աշխարհագրական սահման մաքսային այս կամ այն միության հետ, դառնա այդ մաքսային միության անդամ։ Տեխնիկապես եւ տեսականորեն այդ խնդիրն անհնարին է լուծել։ Դա նշանակում է, որ Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող լինել։ Եթե, իհարկե, Վրաստանը չանդամակցի»,- ասել է վարչապետն ու հավելել. «Կարծում եմ, որ իրատեսական սցենարն այն է, որ փորձում ենք գնալ եվրաինտեգրման ճանապարհով եւ մեր քաղաքական նպատակն այսօր այն է, որ լիահույս ենք` դառնալու ենք համապարփակ եւ խորը ազատ առեւտրի  համաձայնագրի լիիրավ անդամ։ Այդ առումով ջանքեր ենք գործադրում` իրականացնելու ՀՀ-ում բարեփոխումներ»: