Փարիզի Աստվածամոր տաճարում հունիսի 15-ին հրդեհից հետո առաջին պատարագը կանցկացվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Նոտր Դամի վանահոր հարցազրույցը Famille chretienne շաբաթաթերթին:
«Օրը, որն ընտրվել է, խորհրդանշական է: Դա տաճարի լուսավորման տոն կլինի, այսինքն եկեղեցու բեմի լուսավորման: Շատ կարեւոր է կարողանալ աշխարհին ցույց տալ, որ տաճարի դերը Աստծո փառքը ցույց տալն է: Այդ օրը հաղորդությունը նշելը, անգամ փոքր խմբով, այդ փառքի եւ բարեգթության նշան կլինի», - ասել է Շովեն:
Փարիզի Աստվածամոր տաճարի պատմության մեջ ամենախոշոր հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 15-ի երեկոյան: Ավերվել էր տաճարի ծայրաձողը, կրակով էր բռնկվել կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել էին, որ Նոտր Դամ կառույցը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չէին վնասվել: Արտակարգ դեպքը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:
Պատահարի քննություն է կատարվում՝ կապված հրդեհի ժամանակ վնասի ոչ դիտավորյալ պատճառման հետ: Դատախազի խոսքով՝ առաջնային է հրդեհի պատահական բնույթի վարկածը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Նոտր Դամը 5 տարում վերականգնելու մտադրության մասին: Տաճարի վերականգնման գործում եւ դրա համար միջոցներ հավաքելու համար իրենց օգնությունն են առաջարկել միջազգային կազմակերպություններ եւ խոշոր ընկերություններ:





























