Թմրանյութերի առկայության ստուգման թեստը, որը հանձնել է «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովը, բացասական արդյունք է ցույց տվել, հայտնում է «Настоящее время»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային նարկոլոգ Եվգենի Բրյունին:
«Հետազոտությունը շարունակվում է, բայց այսօրվա դրությամբ (թմրանյութեր) չեն հայտնաբերվել»,- հավելել է նա:
«Ագորա» միջազգային իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը նաեւ հայտնել է, որ թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել ափերին եւ եղունգներում: Չիկովը ներկայացրել է փորձաքննությունից հատված, որը կատարվել է հունիսի 8-ի երեկոյան:
Ռուսաստանցի լրագրողները եւ ակտիվիստները հունիսի 12-ին Մոսկվայում Գոլունովի աջակցությամբ երթ կանցկացնեն, որը հիմա տնային կալանքի տակ է:
Հունիսի 10-ին Ռուսաստանի երեք գլխավոր գործարար թերթեր ՌԲԿ-ն, «Կոմերսանտը» եւ «Վեդոմոստին» լույս են տեսել միանման առաջին էջով՝ «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովի աջակցությամբ: Շապիկին գրված է՝ «Ես/Մենք Իվան Գոլունովն ենք»: Սա ֆրանսիական կարգախոս «Je suis Charlie»-ի նմանակն է, որն ամբողջ աշխարհում մարդիկ օգտագործում են որպես դատապարտման խորհրդանիշ՝ Charlie Hebdo երգիծական պարբերականի խմբագրության 12 աշխատակիցների սպանությունից հետո:
Հունիսի 8-ին Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի համար խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը մինչեւ օգոստոսի 7-ը: Լրագրողին մեղսագրվում է խոշոր չափով թմրանյութերի իրացման փորձի մեղադրանք: Ռուսաստանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է 10-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում: Գոլունովին ձերբակալել են հունիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում, նրա կոլեգաները ձերբակալությունը կապում են կոռուպցիայի եւ ստվերային բիզնեսի վերաբերյալ լրագրողական հետաքննության հետ, որը նա հրապարակել է: Գոլունովը պնդում է, որ արգելված նյութերը իր ուսապայուսակի մեջ դրվել են դրսից:
Լրագրողի աջակցությամբ հանդես են եկել նրա գործընկերները, քաղաքացիական ակտիվիստները եւ իրավապաշտպան կազմակերպությունները:
«Թվում է՝ հիմա լրագրողական հանրույթը վերջապես գիտակցեց, որ եթե մենք հիմա չասենք՝ «ստոպ», հետո կգան յուրաքանչյուրի հետեւից»,- հայտարարել է «Մեդուզայի» գլխավոր տնօրենը:
Հունիսի 9-ին դերասան Կոնստանտին Խաբենսկին «Կինոտավր» փառատոնը բացելիս հիշատակել է լրագրողի քրեական հետապնդումը: «Այսօր փորձում են փակի տակ դնել ոչ հարմար լրագրողի, որը փորձում է ճշմարտությունն ասել: Եթե դա հաջողվի, ապա, բարեկամներս, վաղը այս հոյակապ փառատոնը նույնպես կարող է որ հարմար դիտվել»,- հայտարարել է Խաբենսկին, որը ղեկավարում է «Կինոտավրի» ժյուրին:
Լրագրող Գոլունովի աջակցության նստացույցերը, որոնք վերականգնվել են հունիսի 9-ի երեկոյան, Մոսկվայում ՆԳՆ ԳՎ շենքի մոտ ընթացել են ամբողջ գիշեր:





























