ԱՄՆ Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին օրենք է ստորագրել, որի համաձայն այսուհետեւ դեռահասության տարիքի չհասած անձանց նկատմամբ բռնարարները կենթարկվեն քիմիական ամորձատման, հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ բռնարարների այս խումբը դեղամիջոցներ կստանա, որոնք արգելակում են տեստոստերոնի արտադրումը, եւ միայն դրանից հետո հանցագործները կկրեն բանտարկության պատիժը:
Նոր օրենքի համաձայն՝ բռնարարներն իրենք պետք է վճարեն սեփական քիմիական ամորձատման համար: Դրանից բացի, մանկապիղծների այս խմբին կմերժեն վաղաժամկետ ազատվելու հարցում:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սթիվ Հերսթը առաջարկել է այս միջոցը մտցնել ավելի քան 10 տարվա պատժով յուրաքանչյուր հանցագործի համար:
Օրենքն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարում:
Նշվում է, որ ԱՄՆ-ում բռնարարների քիմիական ամորձատման հանդեպ գոյություն ունի չափազանց հակասական մոտեցում: Այս օրենքն ընդունվել է մի քանի նահանգներում, սակայն շատերը այն համարում են մարդու իրավունքների խախտում:
Ընդ որում՝ նշվում է, որ երկրում ստույգ տվյալներ չկան այս միջոցի կիրառման դեպքերի թվի մասին:





























