Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մարտի 17-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Թանկացումներ. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով հանրային քննարկման ընթացքում հայտարարեց, որ հանրապետությունում ձեւավորված բարձր գնաճն ու նոր թանկացումների միտումները քաղաքական դաշտի մենաշնորհների հետեւանք են: Ասատրյանը նկատեց, որ անհնար է պայքարել գնաճի դեմ, երբ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ օլիգարխիկ:

«Մենք չունենք կառավարություն: Կա մարդկանց խումբ, որոնք առանձին ինչ-որ խնդիրներ ունեն, սակայն ոչ միասնական խնդիր, քաղաքականություն: Մեր հարկային օրենսդրությունը միջնադարյան է եւ ժամ առաջ բարեփոխումներ է պահանջում»,- ասաց Ասատրյանը:

Քննարկման ընթացքում, որին որպես բանախոսներ մասնակցում էին նաեւ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը եւ անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանը, անդրադարձ եղավ գնաճը զսպելու հնարավորությանը, այս ուղղությամբ կառավարության եւ Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերի արդյունավետությանը, համաշխարհային շուկայի ազդեցությանը եւ այլ գործոնների:

2010 թվականին Հայաստանում գնաճը կազմեց գրեթե 10 տոկոս: Առաջին անհրաժեշտության ապրանքների օրեցօր թանկացումը շարունակվում է, ինչը դժգոհություն է առաջ բերել հասարակության շրջանում: Աշխատավարձերը եւ թոշակները բարձրանում են գնաճի տեմպերին ոչ համաչափ: Հայաստանը շատ ապրանքատեսակներ ներմուծում է միջազգային շուկաներից, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում թանկացումները բերում են թանկացումների նաեւ Հայաստանում:

Հայաստանյան գնաճին նպաստող մյուս կարեւոր գործոնը տեղական պատճառ ունի: Հայաստանի տնտեսությունում մենաշնորհները բացառում ե ն մրցակցությունը, ինչի հետեւանքով գները բարձրանում են արհեստական կերպով: Ինչպե՞ս զսպել գնաճը: Որո՞նք են գնաճին նպաստող հիմնական գործոնները: Ինչո՞ւ Հայաստանի Կենտրոնական բանկին ու կառավարությանը չի հաջողվում զսպել գնաճը: Այս հարցերին էին փորձում պատասխան տալ երեք բանախոսները: 

«Մեր երկրում յուրաքանչյուր օղակ քայքայված է, մեզ կառուցվածքային փոփոխություններ են պետք, այդ թվում՝ նաեւ գնաճի կարգավորման համար»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Քննդատելով Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, պատգամավոր Արա Նռանյանը ընդգծեց. «Գների արհեստական զսպումները պայթյունավտանգ են: Շատ ավելի կարեւոր է ազատ մրցակցության ապահովումը»:

Տնտեսագետ Սամվել Ավագյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, ասաց, որ Հայաստանում անվերահսկելի գնաճի հիմնական պատճառը պետք է փնտրել սխալը օրենսդրության մեջ:

Բանախոսները նկատեցին, որ կառավարությունը պետք է առաջին հերթին ոչ թե մտածի գնաճը զսպելու մասին, այլ փորձի խթանել մրցակցությունը:

Քննարկման երկրորդ հատվածում բանախոսներին հարցեր ուղղելու, ինչպես նաեւ տեսակետներ  արտահայտելու հնարավորություն ստացան նաեւ դահլիճում ներկա գտնվողները: Մասնավորապես, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ տնտեսությունը ճգնաժամային վիճակում է։

«Այսօր մեր կառավարության հիմնական թիմը կենտրոնական բանկային մտածողություն ունի։ Վարչապետը ԿԲ նախագահ է եղել, եւ ԿԲ-ի ու կառավարության միջեւ այս հակակշիռը վերացել է։ Ես հիշում եմ, որ նախագահ Քոչարյանի ժամանակ, երբ նստում էի կառավարության նիստին, «պատերազմ» էր գնում ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի եւ Տիգրան Սարգսյանի միջեւ։ Բանկն իր բնույթով զսպողական է, հատկապես ճգնաժամային պայմաններում, երբ հակասություններ կան։ Իսկ գործադիրն ավելի ընդլայնված քաղաքականություն պետք է վարի։ Եվ այս հակադրությունն ինչ-որ միջինի է գալիս»,- ասաց նա։