Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները բերման են ենթարկել 70-ամյա թոշակառուին, որը ինքնուրույն պատրաստել էր 12 «Մոլոտովի կոկտեյլներ» եւ պատրաստվում էր կիրառել դրանք Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի առջեւ ընթացող բողոքի ցույցի ժամանակ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական բաժանմունքի տնօրենի պաշտոնակատար Մամուկա Չելիձեն, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Նրա խոսքով՝ ոստիկանները հայտնաբերել են մեղադրյալին հետաքննության շրջանակներում, որը վարչությունը նախաձեռնել էր երեկ Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից հետո:
Ոստիկանությունը անհապաղ խուզարկություն է անցկացրել Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում: Հենց դրա արդյունքում ՆԳՆ-ի աշխատակիցները հայտնաբերել են, որ թոշակառուն զբաղվում էր իր սեփական տան բակում «Մոլոտովի կոկտեյլների» պատրաստմամբ: Առգրավվել է պայթուցիկ հեղուկով 12 շիշ, ինչպես նաեւ դրանց պատաստման համար օգտագործվաղ նյութեր:
«Ոստիկանությունը բերման է ենթարկել Գ.Ց.-ին, երբ նա պատրաստվում էր կիրառել այդ պայթուցիկ նյութը խորհրդարանի շենքի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ»,-հայտնել է Չելիձեն:
70-ամյա Գ.Ց.-ն մեղադրվում է հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստմամբ, տեղափոխմամբ, փոխանցմամբ կամ վաճառքով զբաղվելու մեջ: Այդ հանցագործությունը պատժվում է 3-7 տարի ժամկետով ազատազրկմամբ:



























