Թբիլիսիում Ռուստավելի պողոտայում խորհրդարանի առջեւ ընթացող բողոքի ցույցի ժամանակ բերվել են հատուկջոկատայիններ, հաղորդում է վրացական Առաջին ալիքը:
Նրանք դիրքավորվել են խորհրդարանի մուտքի մոտ:
Ակցիայի մասնակիցները դիմավորել են նրանց բղավոցներով եւ սուլոցներով:
Խորհրդարանի առջեւ ընթացող ցույցին ելույթ ունեցողները դժգոհությունն են հայտնել երեկ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել լայնածավալ հակակառավարական ցույց, որը կազմակերպվել էր Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի հետեւանքով: Մասնակիցները պահանջում էին ներքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը:
Իշխանությունները հրաժարվել էին իրականացնել այդ պահանջները, եւ կեսգիշերին մոտ հանրահավաքի մասնակիցները փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք:
Ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցաններ: Բախումների հետեւանքով տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: Տարբեր իրավախախտումների համար բերման են ենթարկվել 305 ցուցարարներ:





























