Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Վրաստանում բողոքի ակցիաները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքական գործիչը նշել է, որ հետեւում է Թբիլիսիում կատարվող իրադարաձություններին:

«Ուզում եմ հիշեցնեմ, որ Գրոզնիից մինչեւ Թբիլիսի ընդամենը 200 կմ է: Ռուսաստանում ըստ ոչ պաշտոնական տվյալների մոտ մեկ մլն վրացի կա: Մեր ժողովուրդները կապված են բարեկամության եւ միասնականության դարավոր կապերով», - Տելեգրամում գրել է նա:

Կադիրովը ենթադրել է, որ հակառուսական արմատականների պատճառով լողափերը, վրացական ռեստորանները, հյուրանոցները եւ սրճարանները կդատարկվեն:

Կադիրովի կարծիքով՝ ռուսաստանցիների եւ վրացիների մոտ կան հազարավոր պատճառներ խաղաղ եւ համերաշխ ապրելու համար եւ ոչ մի պատճառ՝ միմյանց ատելությամբ նայելու համար»:

Չեչնիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ վրացի քաղաքական գործիչներին ՌԴ դեմ տրամադրել են Արեւմուտքից հովանավորվող ուժերը:

«Տիկին նախագահը խորապես սխալվում է: Հենց Ռուսաստանն է շահագրգռված, որ Վրաստանում խաղաղություն, միասնականություն եւ համերաշխություն տիրի», - ասել է նա:

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել լայնածավալ հակակառավարական ցույց, որը կազմակերպվել էր Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի հետեւանքով: Մասնակիցները պահանջում էին ներքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը:

Իշխանությունները հրաժարվել էին իրականացնել այդ պահանջները, եւ կեսգիշերին մոտ հանրահավաքի մասնակիցները փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք:

Ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցաններ: Բախումների հետեւանքով տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: Տարբեր իրավախախտումների համար բերման են ենթարկվել 305 ցուցարարներ: