Ես ձեր գինին խմել եմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշում անցկացվող տեղական արտադրանքի ցուցադրության ժամանակ, մոտենալով Բերդավանի գինու գործարանի տաղավարին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործարարը նշեց, որ իրենց արտադրանքը, այդ թվում հյութերը, պատրաստում են առանց շաքարի, նախատեսված է դիաբետիկների համար:
Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես են գործերը, արտահանում ունե՞ն, եւ ստացավ պատասխան, որ արտահանում ունեն եւ այս տարի ծավալները մեծացնելու են:
«Պետք է դուխով աշխատել, որ մի պրոբլեմ չի լինելու: Ապրանքն արդեն ունեք, դա արդեն իրողություն է, մնացածը մարքեթինգի ու բերնդինգի խնդիր է: Մնացածը մտքի խնդիրն է, ոնց անել, որ առաջ գնալ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ գինին իսկապես յուրահատուկ համ ունի:
Նա հավելեց, որ այսօր գինու շատ բրենդներ են առաջանում մեկը մյուսից լավը, բայց խոշոր ցանցերի հետ համագործակցելու խնդիր ունեն. «Որովհետեւ դրսի խոշոր ցանցը, որ գինի է ուզում, նվազագույն քանակ կա, որից քիչ չի ուզում, իսկ մեր ընկերություններից քչերը կարող են այդ քանակ ապահովել: Մյուս կողմից այս բազմազանությունը լավ է գինու տուրիզմի համար, իսկ արտահանման առումով խոշորներն են շահելու»:
Վարչապետն առաջարկեց, որ ամեն մի ընկերության գինու վրա սեփական պիտակից բացի լինի նաեւ ենթապիտակ, որը կլինի շատ ընկերությունների գինիների վրա:





























