Սաուդյան Արաբիայում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությամբ չի պարզվել, թե ով է սպանելու հրաման տվել: Այս մասին հայտարարել է արտադատական պատիժների հարցերով ՄԱԿ-ի քննիչ Ագնես Կալլամարը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, նրա առանցքային խորհրդականն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ներգրավվեն հետաքննությանը՝ նրանց դեմ ցուցմունքները հաշվի առնելով:
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուլազիզ Ալվասիլը հայտարարել է, որ Կալլամարի զեկույցը հիմնված է «նախապաշարմունքի եւ կեղծ գաղափարների» վրա:
«Դատախազը խոստովանել է, որ կոնկրետ մեկ մարդ՝ Սաուդ ալ-Կախտանին, որը ղեկավարել է առաքելությունը, Խաշոգջիին «ազգային սպառնալիք» է անվանել, եւ այդ կոնկրետ անձին մեղադրանք է առաջադրվել»,- ասել է Կալլամարը՝ նշելով, որ 15 սաուդցի ներգրավված է լրագրողի սպանության գործին:
ԵՄ դեսպան Ուոլթեր Սթիվենսը հայտարարել է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ գործը պետք է բացահայտվի:
Ավելի վաղ լրագրողի հարսնացուն՝ Խաիջե Չենգիզն ասել է, որ ցանկանում է իմանալ, թե ով է հրամայել սպանել Ջամալին եւ որտեղ է գտնվում նրա մարմինը:





























