Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը 50 000 դոլարանոց Birkin of Hermes պայուսակի պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել: Նրան այդ պայուսակով նկատել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ճապոնիա այցի ժամանակ, հաղորդում է Cumhuriyet-ը:

Պարբերականը նշում է, որ 50 000 դոլարը (ավելի քան 288 000 թուրքական լիրա) կազմում է Թուրքիայում նվազագույն աշխատավարձ ստացող 11 անձի համար տարեկան եկամուտը:

«Չնայած քաղաքացիները պայքարում են գների բարձրացման դեմ, պալատը չի հրաժարվում ճոխությունից»,- գրում է պարբերականը՝ նկատի ունենալով նախագահական պալատը 1150 սենյակներով, որը կառուցվել էր Էրդողանի կողմից 2014թ., երբ նա նախագահ ընտրվեց:

Թուրքիան փորձում է ուշքի գալ արժութային ճգնաժամից, ինֆլյացիայի եւ գործազրկության բարձր մակարդակի հետ կապված խնդիրներից:

Էրդողանի ընտանիքին ու նրա շրջապատին քննադատում են ճոխ ապրելակերպի համար: 2017 թվականին Թուրքիայի նախագահական բյուրոն հայտարարություն տարածեց՝ ի պատասխան Էրդողանի չափազանց մեծ քանակով ծախսերի մասին՝ հայտարարելով, որ տնտեսությունը չպետք է վարվի ի վնաս հեղինակության: