Սերգեյ Սկրիպալը պատժվել էր մինչ Սոլսբերիի միջադեպը, նա Ռուսաստանի համար որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բրիտանական FT թերթին տված հարցազրույցում:

«Ընդհանրապես, դավաճանությունը մեծ հանցանք է, որը կարող է լինել երկրի վրա, եւ դավաճանները պետք է պատժվեն: Ես չեմ ասում, թե պետք է նման կերպ պատժել, ինչպես դա տեղի ունեցավ Սոլսբերիում, ո՛չ: Սակայն դավաճանները պետք է պատժվեն»,- Պուտինի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Այդ պարոնը՝ Սկրիպալը, արդեն պատժված էր: Նա ձերբակալվել էր, 5 տարի էր ստացել: Նա արդեն պատժված էր: Նա որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում Ռուսաստանի համար: 5 տարուց հետո նրան բաց թողեցին, եւ վերջ: Իսկ ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա, իհարկե, նա պետք է պատժվի: Դա ամենաստոր հանցանքն է, որը կարելի է պատկերացնել»,- նշել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ Սոլսբերիում մարտի 4-ին թունավորել էին ՀԳՎ-ի նախկին սպա Սերգեյ Սկրիպալին, ով ավելի վաղ ՌԴ-ում պետական դավաճան էր համարվել, եւ նրա դստերը՝ Յուլյային։ Լոնդոնը կարծում է, որ Սկրիպալներին А234 նյութով Մոսկվան է թունավորել, Ռուսաստանը դա կտրականապես հերքում է։