Նախօրեին Գեղարքունիքի մարզում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Մարտունի քաղաքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:
Վերջինս նշել է, որ նման դեպք երբեք չի եղել. «Ես 50 տարվա մեջ սենց բան չեմ տեսել ու չեմ հիշում, որ եղած լինի: 15 րոպե տեղացել է կարկուտը: Վնասվել են ցանքատարածություններ: Նայել ենք, ուսումնասիրել, վնասվել է մոտ 70 հա տարածք՝ տարբեր մշակաբույսեր, կարտոֆիլ, ծառեր: Հիմա հանձնաժողովը կազմվել է, ուսումնասիրվել է, վնասների չափերը ներկայացվել է մարզպետարան: Մարզպետարանում երեք օրվա ընթացքում հանձնաժողով կկազմվի, վնասների չափերը վերջնական կորոշենք, որից հետո կուղարկվի կառավարություն ու կսպասենք: Թե ինչպե՞ս կվերաբերի կառավարությունը, դա չենք կարող ասել, բայց որ գյուղացիների բերքը մեծամասամբ վնասվել է, դա փաստ է»,-ասաց Արմեն Ավետիսյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Մարտունու բնակիչներից պատմում էին, որ նման ուժգնությամբ կարկուտ չեն հիշում. «Քամի չկար, ուժեղ կարկուտ էր ու անձրեւ, բայց էնքան ուժգին էր գալիս կարկուտը, որ նույնիսկ ծառեր են կոտրվել: Բերքն ամբողջությամբ գետնին է հավասարվել՝ կարտոֆիլը, սածիլները: Մեքենաներ էլ են վնասվել: Անձրեւն էնքան շատ էր, որ տներն է լցվել: Մի խոսքով, շատ մեծ վնաս ենք կրել»:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Մարտունիում տեղացած ուժեղ կարկուտը արտակարգ իրավիճակ է ստեղծել Գեղարքունիքի մարզում: Մարտունի քաղաքում կարկուտը կոտրել է մի քանի ծառեր, կոտրված ծառերն էլ վնասել են ցանքատարածությունները:
Կարկուտից նաեւ ավտոմեքենա է վնասվել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարները, որոնք քաղաքացիների օգնությամբ ծառերը էլեկտրական սղոցով հեռացնում են:






























