Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հիմնական խնդիրն է ապահովել ազատ, արդար, մրցակցային դաշտ բիզնեսի բոլոր ներկայացուցիչների համար, ինչը կարող է իրական երաշխիք լինել տնտեսական զրգացման իրականացման գործում: Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց այդ  թափուր պաշտոնի թեկնածու, տնտեսագետ Կարեն Սեդրակյանը:

Միեւնույն ժամանակ նա ասաց, որ հատկապես կարեւոր է տեղական արտադրողների հավասար պայմանների ապահովումը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հիմնական խնդիրն է նաեւ տնտեսվարող սուբյեկտների համար շուկա մուտք գործելու համար անկանխատեսելի պայմանների կամ խոչընդոտների վերացումը», - ասաց Սեդրակյանը: Նա նաեւ ընդգծեց, որ անհրաժեշտ է բարձրացնել հանրության եւ տնտեսական գործունեության տարբեր սուբյեկտների վստահությունը ՏՄՊՊՀ-ի նկատմամբ, ինչն, ըստ նրա, հնարավոր է հենց Հանձնաժողովի թափանցիկ աշխատանքի դեպքում: