Արմավիրի մարզում երեկ՝ հունիսի 27-ին պայմանագրային զինծառայողին դանակահարելու համար կասկածվողը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

Ավելի վաղ  NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 27–ին, ժամը 23։05-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 25–ամյա մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 25-ամյա Վրեժ Խաչատրյանն է, որը պայմանագրային զինծառայող է։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շահումյան գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Խաչատրյանի և մի քանի այլ անձանց  միջև, որի ժամանակ դանակով հարվածել են Վրեժ Խաչատրյանի կրծքավանդակին։ Ոստիկանությունը պարզել է մասնակիցների ինքնությունը,  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։