«Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն եւ «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը հաշտվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  մարտի 21-ին հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Նա նշեց, որ մարտի 18-ի երեկոյան քաղավիացիայի վարչության  հրավերով հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի եւ «Արմավիայի» ներկայացուցիչների միջեւ, որի ընթացքում քննարկվել է այս երկու ընկերությունների միջեւ առկա վեճն ու այն լուծում է ստացել:

«Քաղավիացիան չի պատրաստվում անմասն մնալ ընկերությունների փոխհարաբերություններից եւ այն խնդիրները, որոնք առկա են այս երկուսի միջեւ, պետք է եռակողմ քննարկման առարկա դառնա»,-հայտարարեց Մովսիսյանը: Մարտի 18-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ   կնքվել է եռակողմ հուշագիր` «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի,  «Արմավիայի» եւ քաղավիացիայի միջեւ: «Մենք շատ բարեկամաբար եւ լավ հարաբերությունններով ավարտել ենք մեր քննարկումները»,-վկայեց Մովսիսյանը` հավելելով, որ մինչ այդ եղել են նմանատիպ քննարկումներ, սակայն դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները բանավոր են եղել:

«Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ու   «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենջեր Մարսելո Վենդենն իրենց ելույթներում  եւս հավաստիացրեցին, որ իրենց մեջ առկա վեճը` կապված մասնավորապես «Արմավիայի» կուտակած պարտքերի հետ, լուծվել է`փոխշահավետ համաձայնությամբ: «Կոմպրոմիսի ենք եկել` օրենքի շրջանակներում»,-հայտարարեց Մ. Բաղդասարովը, սակայն ձեռնպահ մնաց պայմանավորվածության մանրամասները հրապարակելուց, քանի որ, դրանք, ըստ նրա, կոմերցիոն գաղտնիք են:

Բաղդասարովը ուշագրավ բացահայտում արեց  «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից հրապարակված այն տեղեկության հետ կապված, ըստ որի  «Արմավիան» երեք ամսվա կուտակած պարտք ունի: «Արմավիան»  էլ իր հերթին էր հայտարարել, թե իրականում «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին մեկ ամսվա պարտք ունի: «Այդ պարտքը ոչ թե երեք ամսվա է, ոչ էլ մեկ ամսվա»,-հայտարարեց Բաղդասարովը, սակայն դարձյալ խուսափեց կոնկրետ թիվ նշելուց: Պարտքի թեման շարունակելով` Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտարարեց, թե պարտքի վերաբերյալ քննարկումների ժամանակ  ներգրավել են մասնագետների, «որոնց վերլուծությունը վկայում է, որ իրոք պարտք գոյություն ունի»:

«Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջերի խոսքով` պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշակի պարտքի չափի վերաբերյալ, որը չի գերազանցվելու: Երկու ընկերությունների ներկայացուցիչները խոստացան նաեւ, որ իրենց միջեւ առկա վեճերից այլեւս ուղեւորները չեն տուժելու եւ ամեն ինչ արվելու է` ի նպաստ ուղեւորների սպասարկման որակի բարձրացմանը:

Հիշեցնենք, որ Հայկական ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը մարտի 16-ին մեկ ժամով դադարեցրել էր  իր չվերթները՝ ի նշան բողոքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանած բարձր գների: Իր հերթին «Արմավիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ժամանակ առաջ  չէր սպասարկում «Արմավիա» ավիաընկերության չվերթերը` ընկերության կուտակած պարտքերի պատճառով: